May 18, 2018 Նոր ֆինանսական պրոդուկտ Հայաստանի ֆինանսական շուկայում

Նոր ֆինանսական պրոդուկտ Հայաստանի ֆինանսական շուկայում

ՀՀ ԿԱ Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման (ԳՏՏԶ) ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» (ԵԳՖԱ) Ծրագրի շրջանակներում մշակվել և շուտով ֆինանսական շուկային կառաջարկվի նոր ֆինանսական պրոդուկտ, որի նախադեպը Հայաստանում չկա։ Նոր ֆինանսական պրոդուկտը բաղկացած է վարկային և դրամաշնորհային բաղադրիչներից։ Այն նախատեսված է ԵԳՖԱ Ծրագրի թիրախային 3 մարզերի (Արարատ, Վայոց Ձոր, Սյունիք) 16 բնակավայրերի ֆերմերների համար, ովքեր զբաղվում են պտղի աճեցմամբ, չրերի արտադրությամբ, վարում են սառնարանային կամ ջերմոցային տնտեսություն, զբաղվում են մեղվաբուծությամբ։ Նոր՝ համակցված ֆինանսական պրոդուկտը մշակել է ԱՄ Փարթնըրզ խորհրդատվական ընկերության փորձագետների թիմը՝ ընկերության հիմնադիր-տնօրեն Վահե Մամբրեյանի գլխավորությամբ։ 

Սույն թվականի մայիսի 17-ին ՀՀ ԿԱ ԳՏՏԶ ԾԻԳ-ի գրասենյակում տեղի ունեցավ համակցված ֆինանսական պրոդուկտի ներկայացումը շահագրգիռ կողմերին՝ ՀՀ ԿԱ ԳՏՏԶ ԾԻԳ-ի ղեկավարությանը, ֆինանսական կառույցների (բանկեր և վարկային կազմակերպություններ) ներկայացուցիչներին, ֆերմերներին։ Համակցված ֆինանսական պրոդուկտի ներկայացմամբ հանդես եկավ Վահե Մամբրեյանը։ Ներկայացվեցին ֆինանսավորման պայմանները՝ շահառուների ընդունելիության չափանիշները, ֆինանսավորման գումարի սահմանաչափերը, տոկոսադրույքները, ֆինանսավորման ուղղությունները, վարկի և դրամաշնորհի հաշվին ֆինանսավորման ընդունելի ծախսերը և ներդրումները և այլն։ Առաջիկա 1-2 ամսում, իրավական բնույթի մի քանի կարգավորումներից հետո, մեր կողմից մշակված ֆինանսական պրոդուկտը կներդրվի Հայաստանի ֆինանսական շուկայում։