ԳԱՍԿ-երի ընդլայնման ճանապարհային քարտեզի շնորհանդես
Երևանի Ռեդիսոն Բլյու հյուրանոցում կայացավ Ագրոբիզնեսի և Գյուղի Զարգացման Կենտրոն (ԱԳԶԿ) Հիմնադրամի կողմից ստեղծված Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնների (ԳԱՍԿ) ընդլայնման ճանապարհային քարտեզի ներկայացում-շնորհանդեսը։ ԱՄ Փարթնըրզ խորհրդատվական ընկերության թիմը փաստաթուղթը մշակել է 2017թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին։ ԳԱՍԿ-երի ընդլայնման ճանապարհային քարտեզի ներկայացումը նպատակ ուներ ԱԳԶԿ Հիմնադրամի, ՔԱՐԴ Ագրոսերվիս ընկերության աշխատակազմին և ԳԱՍԿ-երի ղեկավարներին ծանոթացնել փաստաթղթի բովանդակությանը, որն առաջիկա տարիներին ընկած կլինի ԱԳԶԿ Հիմնադրամի՝ ԳԱՍԿ-երի ցանցի հետագա ընդլայնման նպատակով իրականացվող գործողությունների հիմքում։ Միջոցառմանը մասնակցեցին ԱԳԶԿ Հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, ԱՄ Փարթնըրզ խորհրդատվական ընկերության տնօրեն Վահե Մամբրեյանը, ԱԳԶԿ Հիմնադրամի և ՔԱՐԴ Ագրոսերվիսի կառուցվածքային ստորաբաժանումների և ԳԱՍԿ-երի ղեկավարները։ Ճանապարհային քարտեզի ներկայացման զեկույցով հանդես եկավ ԱՄ Փարթնըրզ խորհրդատվական ընկերության հիմնադիր և ծրագրերի ղեկավար Վարդան Աղբալյանը։