Իրագործելիության հետազոտություններ
Իրագործելիության հետազոտությունը որևէ գաղափարի իրականացման կենսունակության վերլուծությունն է: Այս գործողությունը կենտրոնանում է այն հարցի վրա, թե արդյոք առաջադրված գաղափարը կամ ծրագիրը պետք է իրագործել կամ այն ենթակա է շարունակման, թե՝ ոչ: Նման հետազոտություն իրականացնում են հիմնականում որոշակի ռիսկայնություն պարունակող գործարար ծրագրերի կամ մեծածավալ զարգացման նախաձեռնությունների իրագործումից առաջ և որպես դրանց նախապայման: Գաղափարի անիրագործելիության վաղ բացահայտումը թույլ է տալիս խնայել ժամանակ, դրամ և այլ ռեսուրսներ:
Իրագործելի գործարար ծրագիրը այնպիսի մի գաղափար է, որը թույլ է տալիս բավարար քանակությամբ դրամական միջոցներ և շահույթ գեներացնել գործունեության կամ ծրագրի սահուն իրականացման համար, դիմագրավել իրագործման ընթացքում առաջացող բոլոր ռիսկերին, լինել երկարաժամկետ առումով կենսունակ և հասնել սահմանված նպատակներին:
Իրագործելիության հետազոտությունը չի կարելի նույնացնել գործարար ծրագրի հետ. իրագործելիության հետազոտությունն անդրադառնում է բիզնեսի կամ գաղափարի իրագործելիությանն ընդհանրապես, մինչդեռ գործարար ծրագիրը սահմանում է, թե ինչպես կարելի է այդ գաղափարը կյանքի կոչել: Ժամանակագրորեն իրագործելիության հետազոտությունն իրականացվում է գործարար ծրագրի պատրաստումից բավականին առաջ: ԱՄ Փարթնըրզի կողմից առաջարկվում է իրագործելիության հետազոտության ստանդարտ կառուցվածք՝ անկախ ուսումնասիրվող գաղափարի բնույթից, կոնցեպցիայից, իրագործման ոլորտից: Տարբերություններն ի հայտ են գալիս արդեն կոնկրետ ծրագրերի մանրամասներին անդրադառնալիս:
ԱՄ Փարթնըրզն առաջարկում է իրագործելիության հետազոտության հետևյալ կառուցվածքը.
- Գործարար գաղափարի կամ ծրագրի իրականացման տարբեր սցենարների գնահատում՝ «այլընտրանքների գնահատման» մոտեցման կիրառում, ներառյալ՝ ա) տարբեր սցենարների մշակում և քննարկում, բ) ամենակենսունակ սցենարի ընտրություն և ծրագրի սահմանում, գ) տեղային իրավիճակին գաղափարի համապատասխանության հիմնավորում:
- Շուկայական իրագործելիություն, ներառյալ՝ ա) (ենթա)ոլորտի նկարագրություն (ագրեգացված), բ) շուկայի հատվածավորում, մասնակիցներ, մրցակցություն, գ) շուկայի ներուժ և զարգացման նախադրյալներ, դ) գաղափարի/ծրագրի վրա ազդող առավել զգալի գործոններ, ե) վաճառքների կանխատեսում:
- Տեխնիկական իրագործելիություն, ներառյալ՝ ա) առկա տեխնիկական հզորություններ (հիմնական արտադրատարածքներ, ենթակառուցվածքներ, սարքավորումներ) և ընդլայնման կարիքներ, բ) առկա մարդկային (մասնագիտական) ռեսուրսներ և նոր ռեսուրսներ ներգրավելու կարիք, գ) հումքի և ներդրանքների հասանելիությունը և ընդլայնման կարիքը:
- Ֆինանսական իրագործելիություն, ներառյալ՝ ա) հատկացված ֆինանսական ռեսուրսների բավարարություն, բ) եկամուտների և ծախսերի հաշվետվության կանխատեսում, գ) դրամական հոսքերի հաշվետվության կանխատեսում, դ) հաշվեկռի կանխատեսում, ե) ֆինանսական գործակիցների հաշվարկում և վերլուծություն:
Իրագործելիության հետազոտության անցկացման մեթոդները տարբեր են և որևէ կոնկրետ մեթոդի կիրառությունը կախված է առանձին վերցված հանձնարարության առանձնահատկություններից: Չնայած դրան՝ ԱՄ Փարթնըրզի կողմից կիրառվում է հետևյալ ընդհանրական մեթոդաբանական մոտեցումը.
- Տեղեկատվության հավաքագրում (ուղղակի դիտարկումներ, երկրորդային տեղեկատվության տեսական վերլուծություն, նեղ մասնագիտացած մասնագետների ներգրավում և ալն),
- Հավաքագրված տվյալների ստանդարտացում, ստուգում և հավաստում,
- Տվյալների մշակում՝ խաչաձև ստուգում, սեգրեգացում և ագրեգացում, տարածում, ամփոփում,
- Մշակված տվյալների վերլուծություն և հաշվետվությունների պատրաստում: