Սննդամթերքի անվտանգության բնագավառում հանրային իրազեկվածության վերաբերյալ սոցիալական հարցումներ
- Ոլորտ:Սննդամթերքի անվտանգություն
- Ծառայություններ: Հանրային հարցումներ
- Ժամկետ: February 18, 2015-July 18, 2015
- Նկարագրություն:
2012թ.-ից Հայաստանում իրականացվում է Համաշխարհային Բանկի Ինստիտուցիոնալ Զարգացման Հիմնադրամի (IDF) Դրամաշնորհի միջոցով ֆինանսավորվող «Սննդամթերքի անվտանգության կարողությունների զարգացման» ծրագիրը (Ծրագիր): Ծրագիրն իրականացնում է ՀՀ Գյուղատնտեսության Նախարարության Գյուղատնտեսական ԾԻԳ-ը, և ուղղված է սննդամթերքի անվտանգության ոլորտի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը՝ նպատակ ունենալով բարելավել սննդային ամբողջ շղթայում սննդամթերքի անվտանգությունը:
Սոցիալական հարցում իրականացնելու անհրաժեշտությունն առաջացել է Սննդամթերքի Անվտանգության Պետական Ծառայության (ՍԱՊԾ) Հաղորդակցության ռազմավարության մշակման գործընթացում, իսկ արդյունքները նախատեսված են հանրային իրազեկման գործողությունների պլանի մշակման համար:
Հետազոտության առարկան սննդամթերքի անվտանգության (մթերքների պիտանելիության ժամկետ, մակնշում, պահպանման պայմաններ, գնումների վայրեր) վերաբերյալ սննդամթերքի գնորդների տեղեկացվածության, վստահության և վարքագծի հարցերն են:
Սոցիալական հարցումն իրականացվել է 1,066 տնային տնտեսությունների շրջանում, որն ընդգրկել է ամբողջ Հայաստանի տարածքը: Հետազոտության թիրախային խումբը կազմել են Հայաստանում սննդամթերքի գնումներ կատարող անձինք: Ընդ որում` խոսքը գնում է այն անձանց մասին, ովքեր սննդամթերքի գնումներ կատարելիս ցուցաբերում են ինքնուրույն գնորդին հատուկ վարքագիծ և հատկանիշներ՝ կայացնում են սննդամթերքի գնում կատարելու որոշում և իրականացնում են այն: Սննդամթերքի անվտանգության բնագավառում հանրային իրազեկվածության վերաբերյալ սոցիալական հարցման իրականացման համար կիրառվել են միաժամանակ և՚ քանակական, և՚ որակական հետազոտությունների մեթոդները:
Սննդամթերքի անվտանգության բնագավառում հանրային իրազեկվածության վերաբերյալ սոցիալական հարցումը լուծում է երկու խնդիր՝
- Հանրային իրազեկվածության լայնածավալ քանակական հետազոտության միջոցով ապահովում է թարմ տվյալներ, որոնց միջոցով կարելի է լրացումներ անել ՍԱՊԾ հաղորդակցության ռազմավարության և գործողությունների պլանում:
- Սննդամթերքի անվտանգության հարցերի շուրջ հանրության իրազեկվածության մակարդակի և տեղեկատվական կարիքների կանոնավոր մոնիթորինգի համար այն ծառայում է որպես ելակետային տվյալների բազա:
Ընդհանուր առմամբ սննդամթերքի անվտանգության հարցերի վերաբերյալ սննդամթերքի գնորդների տեղեկացվածության մակարդակը կարելի է գնահատել միջին, վստահության մակարդակը՝ ցածր, իսկ վարքագծի դրսևորումները՝ պասիվ և հարմարվողական՝ սեփական իրավունքների պաշտպանության ցածր իրավագիտակցությամբ: Այսպիսի միջին նկարագիր ունեցող սննդամթերքի գնորդները չեն կարող սննդամթերքի անվտանգության համար իրավասու մարմինների համար լինել դաշնակից և օգնական: Ակնհայտ է, որ սննդամթերքի անվտանգության հարցերի շուրջ հանրային իրազեկվածության բարձրացումը պետք է լինի ՍԱՊԾ-ի հաղորդակցության ռազմավարության անկյունաքարը և այդ ուղղությամբ պետք է իրականացվի լուրջ իրազեկման քաղաքականություն:
Հետազոտության հաշվետվությունը ներկայացված է մեր վեբ-կայքի «Հրապարակումներ» բաժնում: