Հայաստանում չորացրած մթերքի շուկայական հետազոտություն և արժեշղթայի վերլուծություն

  • Ոլորտ:Սննդի արտադրություն
  • Ծառայություններ: Տնտեսական և սոցիալական հետազոտություններ
  • Ժամկետ: October 20, 2015-April 15, 2016
  • Նկարագրություն:

Եվրոպական Հարևանության Գյուղատնտեսության և Գյուղական Զարգացման (ENPARD) Ծրագիրն աջակցում է Հայաստանի Հանրապետության Կառավարությանը՝ զարգացնելու արդյունավետ և կայուն գյուղատնտեսություն, որը նպաստում է գյուղական վայրերում մարդկանց կենսապայմանների բարելավմանը: ENPARD Ծրագրի տեխնիկական աջակցության բաղադրիչը կենտրոնացած է արտադրողների խմբերի և արժեշղթաների զարգացման վրա:

ENPARD Ծրագրի շրջանակներում աջակցության թիրախ է հանդիսանում Հայաստանի չորացրած մթերքի արտադրության բնագավառը: «Չորացրած մթերք» ապրանքային խմբի մեջ ներառված են չորացրած մրգերը, հատապտուղները, բանջարեղենը և խոտաբույսերը: ENPARD Ծրագրի միջամտության ռազմավարությունը նպատակ ունի աջակցել չորացրած մթերքի 2-4 արտադրողների, որպեսզի վերջիններս սննդամթերքի անվտանգության պահանջների կատարման միջոցով բարձրացնեն իրենց արտադրանքի որակը, ինչպես նաև մեղմեն եղանակային պայմանների հետ կապված կորուստներն ու անկայունությունը և բարելավեն արտադրության պլանավորման գործընթացը: ENPARD Ծրագիրը չորացրած մթերքի արտադրողներին աջակցում է տեղական և միջազգային շուկայում արտադրանքի իրացման ծավալների ընդլայնման հարցում: Հեռանկարում նախատեսվում է հասնել մրգերի վերամշակման և չորացրած մթերքի արտադրության ծավալների աճի՝ նպատակ ունենալով ավելացնել արտահանման ծավալները:

Չորացրած մթերքի շուկայական հետազոտության և արժեշղթայի վերլուծության իրականացման նպատակով Խորհրդատուն զրուցել և տեղեկություններ է հավաքել արժեշղթայի բոլոր մակարդակների մասնակիցներից, այդ թվում.

  • Չորացրած մթերքի 39 արտադրողներ Հայաստանի 6 մարզերից (Արագածոտն, Արարատ, Արմավիր, Կոտայք, Սյունիք, Տավուշ), այդ թվում՝ ամենախոշոր արտադրողները,
  • Արտահանողներ:

Խորհրդատուն հարցումներ է կատարել և հարցազրույցներ է ունեցել ինստիտուցիոնալ կառույցների և փորձագետների հետ, այդ թվում.

  • Ազգային Վիճակագրական Ծառայություն,
  • Մաքսային Ծառայություն,
  • Սննդամթերքի Անվտանգության Պետական Ծառայություն,
  • Պետական և տարածքային կառավարման մարմիններ և կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ Գյուղատնտեսության Նախարարություն, մարզպետարանների գյուղատնտեսության վարչություններ, Գյուղատնտեսության Աջակցության Մարզային Կենտրոններ,
  • «Չորացված մթերք արտադրողների ասոցիացիա» ՀԿ,
  • Չորացրած մթերքի արտադրության բնագավառում աջակցության և օժանդակության ծրագրեր իրականացնող միջազգային կազմակերպություններ, այդ թվում Ագրոբիզնեսի և Գյուղի Զարգացման Կենտրոն Հիմնադրամ, ՕՔՍՖԱՄ, UNDP:

Որպես երկրորդային տեղեկատվության բազա՝ օգտագործվել են.

  • Չորացրած մթերքի շուկայի վերաբերյալ տարբեր տարիներին իրականացված ուսումնասիրությունները և վերլուծությունները,
  • Համացանցում առկա հսկայական քանակությամբ տեղեկատվությունն, այդ թվում՝ վիճակագրական և լրագրողական վերլուծական տեղեկատվությունը, չորացրած մթերքի արժեշղթայի մասնակիցների հարցազրույցները և այլն:

Տեղեկատվության վերոհիշյալ աղբյուրներից տեղեկատվության հավաքագրումն իրականացվել է տարբեր մեթոդներով.

  • Արժեշղթայի անմիջական մասնակիցներից տեղեկատվությունը հավաքագրվել է դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով: Տեղեկատվության հավաքագրման գործողություններն իրականացվել են աղբյուրի մոտ: Հատկապես մարզերում տեղեկատվության հավաքագրման ժամանակ լայնորեն կիրառվել է «ձնագնդիի մեթոդը», որի դեպքում հարցվողներն իրենք են տեղեկություններ փոխանցել տեղեկատվության այլ աղբյուրների մասին,
  • Վիճակագրական և փորձագիտական տեղեկատվություն տնօրինող ինստիտուցիոնալ կառույցների տեղեկատվությունը ստացվել է ի պատասխան Խորհրդատուի գրավոր հարցումների կամ դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով:
  • Համացանցում առկա ողջ տեղեկատվության ուսումնասիրությունն ու ամփոփումն իրականացվել է գրասենյակային հետազոտության միջոցով:

Չորացրած մթերքի շուկայական հետազոտության և արժեշղթայի վերլուծության արդյունքների և տվյալների հիման վրա պատրաստվել է վերլուծական հաշվետվություն՝ հետևյալ բովանդակային կառուցվածքով.

  • Չորացրած մթերքի շուկան
    • Արտադրություն (արտադրողներ, արտադրության քանակներ, արտադրանքի տեսականի, արտադրության աշխարհագրություն)
    • Արտահանում (արտահանողներ, արտահանման քանակներ, արտահանվող արտադրանքի տեսականի, արտահանման երկրներ)
    • Ներմուծում (ներմուծողներ, ներմուծման քանակներ, ներմուծվող արտադրանքի տեսականի, ներմուծման ծագման երկրներ)
    • Շուկայի ծավալը
  • Չորացրած մթերքի արժեշղթայի վերլուծություն
    • Արժեշղթայի քարտեզը (արժեշղթայի հիմնական գործառույթները, մասնակիցները, շուկայի հաշվեկշիռը, քարտեզ)
    • Արժեշղթայի նկարագիրը (հումքի մատակարարում, արտադրության և վաճառքի կազմակերպում)
    • Արժեշղթայի հիմնական խնդիրները և դրանց լուծման ուղիները
  • Չորացրած մթերքի արտահանման շուկաների վերլուծություն
    • Չորացրած մթերքի միջազգային շուկան
    • Հայկական չորացրած մթերքի թիրախային շուկաները (չորացրած մթերքի առավել մեծ պահանջարկ վայելող տեսակները, մեծածախ և մանրածախ գները, վաճառքի ներուժի գնահատում)
  • Չորացրած մթերքի միջազգային շուկա մուտք գործելու առաջարկություններ։