«Սերմերի և տնկանյութի շուկայի հզորացում» ենթաբաղադրիչի ազդեցության գնահատում
- Ոլորտ:Գյուղատնտեսություն, գյուղատնտեսական ծառայություններ և ենթակառուցվածքներ
- Ծառայություններ: Մոնիտորինգ և գնահատում
- Ժամկետ: September 25, 2009-November 25, 2009
- Նկարագրություն:
«Գյուղատնտեսական Բարեփոխումների Աջակցության» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսական զարգացման» Ծրագիրը մեկնարկել է 2006թ.-ին: Այն իրականացվում է Համաշխարհային Բանկի վարկային ռեսուրսների միջոցով: Ծրագրի ընդհանուր նպատակն է՝ ա) ապահովել շուկաների մատչելիությունը Հայաստանի ֆերմերների և գյուղական ձեռներեցների շրջանում, բ) ընդլայնել նրանց զբաղվածության հնարավորությունները՝ խթանելով գյուղական տարածքներում մասնավոր և հասարակական շուկայամետ ներդրումների ներգրավումը:
Ծրագիրն ունի 3 բաղադրիչներ, որոնք հանդիսանում են գյուղատնտեսական խթանման գործիքներ՝ հետևյալ ուղղություններով.
- Աջակցություն գյուղական ձեռնարկություններին և ագրովերամշակողներին՝ ֆինանսական ծառայությունների բարելավման և գյուղական գործարար կապերի խթանման միջոցով,
- Աջակցություն ուղղված ֆերմերային տնտեսությունների զարգացմանը՝ ապակենտրոնացված գյուղատնտեսական խորհրդատվական համակարգի հզորացման, կառավարման և բիզնես խորհրդատվության ապահովման, անասնապահական ծառայությունների բարելավման, սերմերի և տնկանյութերի արտադրության կարողությունների բարելավման միջոցով,
- Համայնքների տնտեսական զարգացում՝ գյուղական և համայնքային ենթակառուցվածքների բարելավման միջոցով:
Ֆերմերային տնտեսությունների զարգացման ծրագրային բաղադրիչի մի առանձին մասն է կազմում «Սերմերի և տնկանյութերի շուկայի հզորացում» ենթաբաղադրիչը: Այն նպատակ է ունեցել խթանել Հայաստանում սերմերի/տնկանյութի արտադրությամբ զբաղվող ֆերմերների գործունեությունը, նպաստել նրանց արտադրողականության բարձրացմանն ու արտադրանքի որակի բարելավմանը: Դա պետք է սերմարտադրողներին օգներ ամրապնդելու իրենց արտադրանքի նկատմամբ սերմօգտագործողների վստահությունը, իսկ սերմօգտագործողներին պետք է թույլ տար օգտվել հավաստագրված բարձրորակ սերմերի ձեռքբերման առավել մեծ հնարավորություններից:
«Սերմերի և տնկանյութերի շուկայի հզորացում» ենթաբաղադիչի շրջանակներում իրականացված գործողություններից են սերմերի ժամանակակից կանոնակարգի մշակման, սերմարտադրության գծով մասնագետների համար ուսուցանումների կազմակերպման և «Սերմերի գործակալության» լաբորատոր կարողությունների բարելավման միջոցառումները:
Սերմարտադրողների և սերմօգտագործողների գործունեության վրա Ծրագրի ազդեցության գնահատման համար Խորհրդատուի կողմից իրականացվել են մի շարք քայլեր.
- Ինտերվենցիային վերաբերվող տեղեկատվության ուսումնասիրություն
- Ազդեցության ինդիկատորների սահմանում
- Ազդեցության ինդիկատորների չափանիշների սահմանում
- Ազդեցության ինդիկատորների կշիռներ:
Ծրագրի շրջանակներում սերմերի/տնկանյութի հավաստագրումն իրականացվել է 6 խումբ տեսակի մշակաբույսերի համար, որոնց մեջ մտնում են՝ հացահատիկային, բանջարաբոստանային, հատիկաընդեղենային և կերային մշակաբույսերը, կարտոֆիլը, պտուղը/խաղողը:
Ինտերվենցիայի ազդեցության գնահատում իրականացնելու համար Խորհրդատուն տարբեր եղանակներով տեղեկություններ է ստացել մի քանի աղբյուրներից.
- Ինտերվենցիայի նկարագրական փաստաթղթերի ուսումնասիրություն
- Տեղեկություններ «Սերմերի գործակալությունից»
- Հարցումներ շահառուների շրջանում:
Ծրագրի «Սերմերի և տնկանյութերի շուկայի հզորացում» ենթաբաղադրիչի ազդեցության գնահատման սույն հետազոտությունն ընդհանուր առմամբ պատկերացում է տվել, թե ինչ փոփոխություններ են արձանագրվել ենթաբաղադրիչի շահառուների գործունեության մեջ 2006-2008թթ.-ին: Այսպես՝
- Սերմերի/տնկանյութի շուկայի հզորացման ինտերվենցիաները զգալի կազմակերպվածություն են առաջացրել այդ բնագավառում: Հետազոտության արդյունքները վկայում են, որ տասնյակ ֆերմերներ ներկայումս գտնվում են հավաստագրման գործընթացի մեջ:
- Վերջին 3-4 տարիներին հավաստագրված սերմարտադրողները ընդլայնել են իրենց գնորդների շրջանակները: Դա նշանակում է, որ ավելի ու ավելի շատ թվով ֆերմերներ են կարողացել օգտվել որակյալ սերմերից, ինչն իր դրական ազդեցությունն է թողել նրանց գործունեության ցուցանիշների վրա:
- Առավել որակյալ սերմերի օգտագործումը զգալի տարբերություններ է առաջ բերել հավաստագրված և չհավաստագրված սերմեր օգտագործող ֆերմերների գործունեության մեջ: Հավաստագրված սերմեր օգտագործողների մեծ մասի մոտ սերմերի օգտագործման քանակները և բերքատվության ցուցանիշները 2006-2008թթ.-ին աճել են: