Հայաստանում ֆինանսական ունակությունների հետազոտություն
- Ոլորտ:Ֆինանսական գրագիտություն
- Ծառայություններ: Հանրային հարցումներ
- Ժամկետ: December 23, 2011-June 30, 2012
- Նկարագրություն:
2007թ.-ից ՀՀ Կենտրոնական Բանկը ստեղծել է Սպառողների շահերի պաշտպանության և շուկայի վարվելակերպի բաժինը: Վերջինիս նպատակն է կարևոր իրավական, վարչական և ինստիտուցիոնալ միջոցառումներ իրականացնելու միջոցով բարելավել ֆինանսական ծառայություններից օգտվող սպառողների շահերի պաշտպանության մակարդակը: Այդ առումով՝ ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել են օրենքների փաթեթ և ենթաօրենսդրական բազմաթիվ ակտեր, որոնք միտված են թափանցիկության բարձրացմանը, վարվեցողության կանոնների սահմանմանը, տոկոսադրույքների հաշվարկմանը, հաճախորդների բողոքների ուսումնասիրության գործընթացի բարելավմանը, հաղորդակցությանը, և այլն: 2009թ. սկզբին իր գործունեությունն է սկսել նաև Ֆինանսական Համակարգի Հաշտարարը: Բազմաթիվ միջոցառումներ և ծրագրեր են իրականացվել ֆինանսական կրթության մակարդակի բարձրացման ուղղությամբ:
Սույն հետազոտության նպատակն է եղել Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների և կարողությունների վերաբերյալ տվյալների ելակետային բազայի ստեղծումը, որը կօժանդակի ՀՀ Կառավարությանը՝ տրամադրելով այնպիսի տեղեկատվություն, որը կօգնի մշակել ֆինանսական կրթության ծրագրեր՝ թիրախելով բնակչության հիմնական մասի առավել կարևոր կարիքները:
Հետազոտության իրականացմանն աջակցություն է ցուցաբերել Ռուսաստանի Ֆինանսական Գրագիտության և Կրթության Հավատարմագրային Հիմնադրամը (FLIT):
Հետազոտությունն իրականացվել է Հայաստանի 2,000 քաղաքացիների շրջանում՝ դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով: Հետազոտությունն ընդգրկում է Երևանը և բոլոր մարզերը, քաղաքային և գյուղական բնակչությունը: Որպես հետազոտական մեթոդ ընտրվել է քանակական հետազոտական մեթոդը: Հետազոտության թիրախը կազմել են տնային տնտեսությունները: Տնային տնտեսությունների անդամներից հետազոտության մասնակցության համար ընտրվել է 18 տարին լրացած անձ, ով մասնակցում է իր տնտեսության դրամական, ֆինանսական կամ ծախսերի հետ կապված որոշումների կայացմանը և/կամ ամբողջությամբ կամ մասնակիորեն պատասխանատու է իր սեփական ծախսերի կատարման համար: Ռեսպոնդենտների ընտրությունը կատարվել է Քիշի աղյուսակի միջոցով:
Հետազոտության ընթացքում Խորհրդատուն անդրադարձել է տնային տնտեսությունների այնպիսի բնութագրումներին, ինչպիսիք են՝ ընթացիկ ծախսերի կառավարումը, ապագա (սպասվելիք և չնախատեսված) ծախսերի պլանավորումը, ֆինանսական ծառայությունների օգտագործումը:
Հայաստանում ֆինանսական ունակությունների հետազոտության ուշագրավ արդյունքները հետևյալն են.
- Գյուղաբնակ ռեսպոնդենտների շրջանում (հանրության 35%) առկա են ծախսերի պլանավորման դժվարություններ՝ եկամուտների գոյացման և ծախսերի իրականացման սեզոնային անհամապատասխանության պատճառով:
- Նույն գյուղական բնակչության շրջանում առկա է ծախսերի կառավարման ունակությունների պակաս՝ կապված գործունեության և տնային տնտեսության եկամուտների և ծախսերի սերտաճած վիճակով: Գյուղացիական տնտեսությունների մեծ մասի մոտ գյուղատնտեսական գործունեությունից գոյացող եկամուտը միակն է տնտեսության համար: Այդ տնտեսությունների մի զգալի մասը տարբերություն չի կարողանում դնել հասույթի և շահույթի միջև:
- Ռեսպոնդենտների մոտ 50%-ը կատարում են դրամական խնայողություններ, սակայն դրանց մեծ մասը պահվում է բանկերից դուրս: Այդպիսի վարքագծի հիմնական պատճառներն են. ա) մարդիկ չունեն բանկային ծառայություններից օգտվելու փորձ և մշակույթ, բ) մարդիկ չեն վստահում բանկերին, գ) մարդիկ տեղյակ չեն խնայողությունները կառավարելու այլընտրանքային եղանակների մասին:
- Ռեսպոնդենտների 34%-ը կայացնում են ֆինանսական ծառայությունից օգտվելու որոշում՝ առանց դրա այլընտրանքներն ուսումնասիրելու:
- Ֆինանսական հաստատությունների հետ կոնֆլիկտների լուծման հարցում ռեսպոնդենտների վարքագիծը բնորոշվում է որպես ոչ ռացիոնալ: Մարդիկ հիմնականում չեն տիրապետում ֆինանսական հաստատությունների հետ կոնֆլիկտների լուծման եղանակներին: Կարելի է ասել, որ կոնֆլիկտները լուծման մշակույթը բացակայում է:
- Ռեսպոնդենտների 37%-ը պատկերացում չունեն, թե ծերության տարիքում ինչպես պետք է հոգան իրենց և իրենց տնային տնտեսությունների ծախսերը: Այս խմբի մոտ առկա է երկարաժամկետ պլանավորման խնդիր: Նրանք չունեն վստահություն, որ կենսաթոշակային համակարգը կարող է ապահովել բարեկեցիկ ապրելու համար բավարար չափի կենսաթոշակի:
Հայաստանում ֆինանսական ունակությունների հետազոտություն
- Օրը: July 02, 2012
- Բեռնել: Հայ