ՀՀ բնակչության ֆինանսական կարողությունների գնահատման մեթոդաբանության, հարցաշարի և դրա լրացման ուղեցույցի մշակում
- Ոլորտ:Ֆինանսական գրագիտություն
- Ծառայություններ: Մեթոդաբանության և ուղեցույցների մշակում
- Ժամկետ: March 10, 2014-July 15, 2014
- Նկարագրություն:
2013թ.-ին Ֆինանսական կրթման ազգային ռազմավարության մշակման եւ իրագործման հանձնաժողովը մշակեց Հայաստանի Հանրապետության (ՀՀ) ֆինանսական կրթման ազգային ռազմավարության (ՖԿԱՌ) նախագիծը: ՀՀ ՖԿԱՌ-ի մշակումը նախատեսված էր Եվրոպական հարեւանության քաղաքականության Հայաստան-Եվորպական Միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2012-2013թթ. միջոցառումներով եւ ՀՀ Կենտրոնական Բանկի 2011-2013թթ.-ի ռազմավարությամբ:
ՀՀ ՖԿԱՌ-ում արձանագրված է, որ 2012թ.-ին ՀԲ-ի կողմից իրականացված Հայաստանում ֆինանսական ունակությունների հետազոտությունը (որը եւս իրականացվել է ԱՄ Փարթնըրզի կողմից) թույլ է տալիս մոտավոր պատկերացումներ կազմել բնակչության ֆինանսական կարողությունների ցուցանիշների մասին եւ ամբողջությամբ հարմարեցված չէ ՀՀ ՖԿԱՌ-ի պահանջներին՝ որպես նրա իրագործման մոնիտորինգի գործիք: Ուստի սույն փաստաթուղթը պետք է ծառայեր որպես հետազոտության մեթոդաբանություն, որով հնարավոր կլիներ իրականացնել ՖԿԱՌ-ի չափելի նպատակների հաշվարկում եւ մոնիտորինգ: Այս ենթատեքստում՝ Հայաստանում բնակչության ֆինանսական կարողությունների գնահատման մեթոդաբանության մշակման նպատակը հետեւյալն է.
- ստեղծել պարզ եւ ունիվերսալ գործիք՝ Հայաստանում բնակչության ֆինանսական կարողությունների պարբերական գնահատման եւ հանրային հաշվետվողականությունը ապահովելու համար,
- ունենալ օբյեկտիվ եւ հիմնավոր տեղեկատվություն՝ Հայաստանում ֆինանսական կարողություններին առնչվող խնդիրների վերաբերյալ, ինչպես նաեւ բնակչության ֆինանսական կարողությունների բարձրացման նպատակով թիրախավորված եւ հրատապություն պահանջող գործողությունների մշակման եւ իրականացման համար,
- ունենալ ելակետային տվյալներ՝ Հայաստանում բնակչության ֆինանսական կարողությունների բարձրացման նպատակով իրականացվող գործողությունների մոնիտորինգի եւ գնահատման համար:
Հայաստանում բնակչության ֆինանսական կարողությունների գնահատման մեթոդաբանությունն իրենից ներկայացնում է լուծումների համակարգ և ներառում է բնակչության ֆինանսական կարողությունների գնահատման համար անհրաժեշտ հետեւյալ բաղադրիչները.
- Ֆինանսական կարողությունների եւ դրա տարրերի (գիտելիքներ, հմտություններ, վերաբերմունք եւ վարքագիծ) հստակ եւ հիմնավոր բնորոշում, որը հիմնված է ֆինանսական կարողությունների ժամանակակից հայեցակարգերի եւ լավագույն փորձի վերլուծության վրա: Ֆինանսական կարողությունների ճիշտ կամ ընդունելի բնորոշումը պայմանավորում է դրանց գնահատման նպատակով անցկացվելիք հետազոտության գործիքի՝ հարցաշարի բովանդակությունը:
- Ֆինանսապես գրագետ մարդու նվազագույն անհրաժեշտ հատկանիշների բնորոշումը, որը հնարավորություն է տալիս հետազոտության արդյունքները համադրել սահմանված չափանիշների հետ:
- Բնակչության ֆինանսական կարողությունների գնահատման նպատակով անցկացվելիք հետազոտության գործիքի՝ հարցաշարի մշակում, որը թույլ է տալիս ստանալ բնակչության ֆինանսական կարողությունների գնահատման համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը:
- Բնակչության ֆինանսական կարողությունների ենթա-ինդեքսների մատրիցի եւ ամբողջական ինդեքսի դուրսբերումը, որը թույլ է տալիս հարցաշարի մեջ եղած հարցերի պատասխանները թվայնացնել եւ ֆինանսական կարողությունների գնահատականը վերածել հաշվարկային ցուցանիշի` օգտագործելով այն սահմանված նպատակներին հասնելու համար:
- Բնակչության ֆինանսական կարողությունների գնահատման նպատակով անցկացվելիք հետազոտության ընտրանքի եւ տվյալների հավաքման մեթոդի սահմանում, որը թույլ է տալիս հետազոտությամբ ստացված տվյալները համարել Հայաստանի ամբողջ բնակչության համար ներկայացուցչական:
2014թ.-ի վերջին ԱՄ Փարթնըրզի մշակած մեթոդաբանությամբ ՀՀ Կենտրոնական Բանկն առաջին անգամ իրականացրեց Հայաստանում բնակչության ֆինանսական կարողությունների գնահատման առաջին հետազոտությունը, որի արդյունքների հանրային ներկայացումը կատարվեց 2015թ.-ի ապրիլին: