Հետազոտական աշխատանքի իրականացում Հայաստանում սեռով պայմանավորված բռնության և պտղի սեռի ընտրության վերաբերյալ
- Ոլորտ:Հասարակական հարաբերություններ, սոցիալական պաշտպանություն, գենդերային հարցեր
- Ծառայություններ: Տնտեսական և սոցիալական հետազոտություններ
- Ժամկետ: November 24, 2017-June 26, 2018
- Նկարագրություն:
Հետազոտությունն իրականացվել է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից իրականացվող «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է փոխել և կանխել կանանց ու աղջիկներին վնասող կարծրատիպային վերաբերմունքն ու վարքագիծը, նպաստել այնպիսի միջավայրի ստեղծմանը, որտեղ աղջիկներն ու տղաները ծնվում ու արժևորվում են հավասարապես:
Վերջին շրջանում հանրային տարբեր ոլորտների կողմից ներկայացվում է սեռով պայմանավորված հղիությունների ընդհատումների վերաբերյալ տեղեկատվություն, որն ուղեկցվում է բացասական գնահատականներով և ժողովրդագրական կանխատեսումներով: Այն, որ խնդիրն առկա է, կարևոր և մտահոգիչ, արդեն իսկ արձանագրված փաստ է: Մենք անդրադարձել ենք այս խնդրին՝ հասարակության մեջ կնոջ «երկրորդային» դերի և խտրական վերաբերմունքի հիմքերը փորձելով տեսնել առօրյա հարաբերություններում: Այսպիսով, սույն հետազոտության նպատակն է եղել ուսումնասիրել գենդերային անհավասարության դրսևորումներն առօրեական հարաբերություններում:
Հետազոտության թիրախային խմբերն են.
- տարբեր մարզերի համայնքների բնակիչներ, որոնց հետ անցկացվել են խորին հարցազրույցներ,
- տարբեր մարզերի տնային տնտեսություններ, որտեղ իրականացվել են ներգրավված դիտարկումներ,
- փորձագետներ, այդ թվում՝ կանանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, օրենսդրական դաշտի փորձագետ, կրթական ոլորտի ներկայացուցիչներ:
Հետազոտության յուրաքանչյուր թիրախային խմբի համար նախատեսված են եղել տարբեր հետազոտական գործիքներ, այդ թվում՝ հարցաշարեր, զրույցի ուղեցույցներ։
Կնոջ հանդեպ սահմանափակումները հայ հասարակությունում կիրառվել են դեռևս դարեր առաջ: Խստությունը կնոջ նկատմամբ դրսևորվել է փոքր, անչափահաս տարիքից և առավել խիստ է արտահայտվել ամուսնության տարիքում: Տարիների ընթացքում շարունակաբար ձևավորվել են սովորույթներ, որոնց միջոցով կնոջ նկատմամբ վերահսկողություն է իրականացվել ինչպես տան անդամների, այնպես էլ՝ հասարակության կողմից: Ինչպես պարզվեց մեր հետազոտության արդյունքում, դրանք շարունակվում են կիրառվել նաև մեր օրերում՝ դրսևորվելով մի շարք ոլորտներում և հարաբերություններում, առաջացնելով խոսքի և որոշումների կայացման սահմանափակում, տանից դուրս՝ համայնքային հարցերին մասնակցելու արգելքներ, փողոցում հայտնվելու հնարավորությունների սահմանափակում, ժամանակի միանձնյա կառավարման անհնարինություն և այլն: Հետազոտության կարևոր արդյունքները ամփոփված են ստորև.
- Կանայք դուրս են մնում հասարակական կյանքում տեղի ունեցող հաղորդակցությունից, որի ժամանակ ձևավորվում կամ վերափոխվում են հասարակության համար կարևոր նշանակություն ունեցող արժեքներ, գաղափարներ, իրավիճակներ: Տղամարդիկ մասնակցում են հանրային քննարկումներին, կայացնում որոշումներ, իսկ կանայք ենթարկվում են դրանց:
- Տղամարդու կարծիքին առավելություն տալը բնական երևույթ է, որովհետև մեր հասարակությունը հայրիշխանական է և ապրում է տղամարդկային փոխհարաբերությունների օրենքներով:
- Առօրյայում իրականցվող աշխատանքները հստակ բաժանված են կնոջ և տղամարդու միջև: Տղամարդկանց աշխատանք է համարվում այն ամենը, ինչը կապված է տանից դուրս իրականացվող աշխատանքների՝ բիզնեսի, գյուղատնտեսական մեծամասշտաբ աշխատանքների հետ և այլն: Կանացի գործեր են համարվում սննդի պատրաստումը, սեղան գցելը, հավաքելը, տան մաքրությանը վերաբերվող աշխատանքները՝ արդուկը, լվացքը և այլն, այսինքն՝ այսպես ասած՝ «ներսի» գործերը: Առօրյայում տղամարդու կողմից կնոջ համար նախատեսված գործերն իրականացնելը չի ողջունվում, ավելին՝ համարվում է ամոթալի:
- Աշխատանքների իրականացման հարցում կա նաև կարգավիճակային տարբերություն: Տնային աշխատանքներ իրականացնող կինը (տնային տնտեսուհի) ավելի քիչ հեղինակություն (ստատուս) ունի, քան տղամարդը, ով գումար է վաստակում և համարվում է ընտանիք պահող: Այսինքն՝ կանացի աշխատանքները համարվում են պակաս կարևոր, քան՝ տղամարդկայինը: Որոշակի բացառություններով հանդերձ՝ դա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ կինը միաժամանակ գումար է վաստակում:
- 8-9 տարեկանից սկսած՝ երեխաների մեջ դրվում է սեռային-դերային բաժանում. աղջիկ երեխաները ներգրավվում են կանանց համար նախատեսված աշխատանքների իրականացմանը, տղա երեխաները՝ տղամարդկանց: Աղջիկ երեխաներին ապագայում հիմնականում տեսնում են լավ մոր, լավ հարսի, լավ կնոջ, հայրական ընտանիքի պատիվը բարձր պահողի դերում: Այսինքն՝ չի դիտարկվում կնոջ դերը՝ որպես սուբյեկտ: Մինչդեռ տղա երեխաների դեպքում նրանք ներկայացվում են որպես անհատական որակների կրողներ, ինչպես նաև ընտանիքի շարունակությունն ապահովողներ:
- Տնային տնտեսություններում ընդունվող որոշումներն ընկալվում են որպես իրենք իրենց կայացվող, այդ թվում՝ աշխատանքների բաժանումը կնոջ և տղամարդու միջև: Այդ ամենը համարվում են ի սկբանե որոշված, և այն իրականացնողները չեն տեսնում իրենց մասնակցային դերը դրանց ձևավորման և/կամ փոփոխման հարցում:
Հայաստանում սեռով պայմանավորված բռնության և պտղի սեռի ընտրության վերաբերյալ հետազոտություն
- Օրը: June 26, 2018
- Բեռնել: Հայ