ՀԳՌԿՄ Ծրագրով հիմնված անասնաբուժական սպասարկման կենտրոնների գնահատում
- Ոլորտ:Գյուղատնտեսություն, գյուղատնտեսական ծառայություններ և ենթակառուցվածքներ
- Ծառայություններ: Մոնիտորինգ և գնահատում
- Ժամկետ: June 20, 2016-September 20, 2016
- Նկարագրություն:
Հայաստանում «Համայնքների Գյուղատնտեսական Ռեսուրսների Կառավարման և Մրցունակության» (ՀԳՌԿՄ) Ծրագիրը ֆինանսավորվել է Համաշխարհային Բանկի և իրականացվել է ՀՀ Գյուղատնտեսության Նախարարության Գյուղատնտեսական ԾԻԳ-ի կողմից՝ 2011-2016թթ.-ին: Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել ընտրված անասնապահական ուղղվածություն ունեցող լեռնային և սահմանամերձ համայնքներին, որտեղ անասնապահությունը հանդիսանում է ապրուստի հիմնական միջոցը: Ծրագրի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել համայնքներում արոտօգտագործողների կոոպերատիվների ստեղծմանը և կայացմանը, նորարական տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև անասնաբուժական ծառայությունների միջոցով տոհմային աշխատանքների և կենդանիների առողջությանը ուղղված միջոցառումների բարելավմանը:
ՀԳՌԿՄ Ծրագրի 4 բաղադրիչներից մեկը գյուղատնտեսությանն աջակցող ծառայությունների հզորացման բաղադրիչն է: Այդ բաղադրիչի ներքո մատուցվել են համայնքներում կենդանիների առողջությանն ուղղված ծառայություններ, որի շրջանակներում հիմնվել են 5 անասնաբուժական սպասարկման կենտրոններ (ԱՍԿ): ԱՍԿ-ների գնահատման հետազոտության իրականացման պահին (2016թ.-ի հուլիս) շահագործման էին հանձնվել 4 ԱՍԿ-ներ՝ Սյունիքի մարզի Խնձորեսկ, Արագածոտնի մարզի Արտաշավան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Տավուշի մարզի Բերդ համայնքներում: Վերջին ԱՍԿ-ի շինարարությունը Շիրակի մարզի Փանիկ համայնքում դեռ ընթացքի մեջ էր:
ԱՍԿ-ների գնահատման արդյունքներն օգտագործվել են հետագայում նմանատիպ կենտրոնների ստեղծման ժամանակ, ինչպես նաև ՀԳՌԿՄ Ծրագրի իրականացման ավարտական հաշվետվության շրջանակում՝ ենթաբաղադրիչի ազդեցության վերջնական գնահատման համար:
ՀԳՌԿՄ Ծրագրով հիմնված ԱՍԿ-ները ՀՀ Կառավարության որոշմամբ անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել են «Ագրոբիզնեսի և Գյուղի Զարգացման Կենտրոն» (ԱԳԶԿ) Հիմնադրամին, որն արդեն ուներ նմանատիպ ԱՍԿ-ներ հիմնելու և գործունեություն ծավալելու հարուստ փորձ:
ՀԳՌԿՄ Ծրագրով հիմնված ԱՍԿ-ների գործունեությունը գնահատվել է գործունեության որոշակի փորձ ունեցող Արտաշավանի, Խնձորեսկի և Ճամբարակի ԱՍԿ-ների հիման վրա: ՀԲ-ի առաջարկով, ԱՍԿ-ների գնահատման շրջանակում ներառվել է նաև ԱԳԶԿ Հիմնադրամի կողմից հիմնված Ազատանի ԱՍԿ-ն: Ազատանի ԱՍԿ-ն հետազոտության մեջ ներառվել է ԳԾԻԳ-ի կողմից հիմնված ԱՍԿ-ների հետ համեմատություններ անելու նպատակով:
ԱՍԿ-ների գործունեության գնահատումն իրականացվել է տեղեկատվության 3 աղբյուրներից հավաքագրված տեղեկատվության հիման վրա: Հետազոտության առարկա հանդիսացող հարցերն ըստ տեղեկատվության աղբյուրների հետևյալն է.
- ԱՍԿ-ներից ստացված տեղեկատվության հիման վրա՝
- ԱՍԿ-ների սպասարկման աշխարհագրական ծածկույթը
- ԱՍԿ-ների ծառայություններից օգտվողների շրջանակը և քանակը
- ԱՍԿ-ների կողմից մատուցվող ծառայությունների տեսակները
- ԱՍԿ-ների գործունեության զարգացման պոտենցիալը
- ԱՍԿ-ների գործունեության զարգացման խնդիրները և կարիքները
- ԱՍԿ-ների ծառայություններից օգտվող գյուղացիական տնտեսություններից ստացված տեղեկատվության հիման վրա՝
- ԱՍԿ-ների ծառայություններից օգտվողների տիպերը և դրանց բնութագրերը
- ԱՍԿ-ների և նրանց կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ օգտվողների տեղեկացվածությունը
- ԱՍԿ-ների կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու հաճախականությունը, կանոնավորությունը, ինտենսիվությունը
- ԱՍԿ-ների կողմից մատուցվող ծառայություններից օգտվողների բավարարվածության աստիճանը
- ԱՍԿ-ների կողմից լրացուցիչ ծառայություններ ստանալու կարիքը
- ԱՍԿ-ների գործունեության աշխարհագրական ծածկույթում գտնվող համայնքների ղեկավարներից և անասնաբույժներից ստացված տեղեկատվության հիման վրա՝
- անասնագլխաքանակը և դրա դինամիկան,
- գյուղատնտեսական կենդանիների առողջական վիճակը,
- ԱՍԿ-ների և համայնքային անասնաբույժների կողմից մատուցվող անասնաբուժական ծառայությունների և դեղամիջոցների հասանելիությունը:
ԱՍԿ-ների գործունեության գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքվել է 3 ԱՍԿ-ների ղեկավարներից (խորին հարցազրույցներ), ԱՍԿ-ների սպասարկման տարածքում գտնվող 43 գյուղական համայնքների 412 գյուղացիական տնտեսություններից (դեմ-առ-դեմ հարցազրույցներ ստանդարտացված հարցաշարի կիրառմամբ), 15 գյուղական համայնքների գյուղապետերից և համայնքային անասնաբույժներից (խորին հարցազրույցներ):