«Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման Ծրագրի» գործողությունների առաջընթացի գնահատման համար մոնիտորինգի եւ գնահատման ցուցիչների մշակման ելակետային հետազոտություն
- Ոլորտ:Կենսաթոշակային համակարգ
- Ծառայություններ: Մոնիտորինգ և գնահատում,Հանրային հարցումներ
- Ժամկետ: December 09, 2013-February 28, 2014
- Նկարագրություն:
Կենսաթոշակային Բարեփոխումների Իրականացման Ծրագրի գործողությունների առաջընթացի գնահատման համար մոնիտորինգի և գնահատման ցուցիչների մշակման ելակետային հետազոտությունն իրականացվել է Քեմոնիքս Ինթերնեյշնըլի պատվերով: Վերջինս իրականացնում է ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության կողմից ֆինանսավորվող Կենսաթոշակային Բարեփոխումների Իրականացման Ծրագիրը (ԿԲԻԾ):
Հետազոտության նպատակն է եղել արձանագրել ԿԲԻԾ-ի մեկնարկային փուլում կենսաթոշակային բարեփոխումների, մասնավորապես՝ կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային տեղեկացվածության և վերաբերմունքի մակարդակը, ինչպես նաև սոցիալական ծառայությունների համակարգի բարեփոխումներից տեղեկացվածության և սպասումների հարցերը:
Հետազությունն ունեցել է նաև գենդերային դիտարկում. թիրախներից մեկն է եղել պարզել կանանց շրջանում կենսաթոշակային բարեփոխումների մասին տեղեկացվածության և ընկալման հարցերը: Թվարկված հարցերի վերաբերյալ ստացված սոցիոլոգիական-վճակագրական ելակետային տվյալները ԿԲԻԾ-ին թույլ են տվել իրականացնել կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ ավելի նպատակային իրազեկում՝ թիրախում ունենալով կանանց շրջանում տեղեկացվածության բարձրացման նպատակը:
Սույն հետազոտությունը ելակետային սոցիոլոգիական-վիճակագրական տվյալներ է ներկայացնում հետևյալ կոնկրետ հարցերի վերաբերյալ.
- Հանրության տեղեկացվածությունը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ
- Հանրության տեղեկացվածությունը կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ
- Հանրության վերաբերմունքը կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ
- Հանրության տեղեկացվածությունը սոցիալական ծառայությունների համակարգի բարեփոխումների վերաբերյալ
Ելակետային հետազոտությունն իրականացվել է տնային տնտեսությունների շրջանում դեմ առ դեմ հարցազրույցներ անցկացնելու միջոցով: Հարցումներն անցկացվել են Երևան քաղաքում, Արարատի և Կոտայքի մարզերում: Ընդհանուր առմամբ իրականացվել է 1,200 հարցում: Հարցազրույցներն անցկացվել են հետազոտության պահին 18-62 տարեկան անձանց շրջանում:
Հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ շատ քիչ կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին ունեն համապարփակ տեղեկացվածություն: Կուտակային կենսաթոշակային համակարգի որոշ պայմանների մասին, ինչպես օրինակ՝ համակարգի ներդրման ժամկետներ, մասնակիցներ, կուտակային վճարների չափեր, տեղեկացվածությունը համեմատաբար ավելի բարձր է, քան օրինակ՝ անհատական կենսաթոշակային հաշիվների, կենսաթոշակային ֆոնդերի և ֆոնդերի կառավարիչների մասին տեղեկացվածությունը: Արձանագրում ենք, որ կենսաթոշակային բարեփոխումների մասին ռեսպոնդենտների տեղեկացվածությունը ֆրագմենտավորված է: