Հայկական դեղագործական արտադրանքի սպառողների տեղեկացվածության, վերաբերմունքի եւ ընկալումների հետազոտություն
- Ոլորտ:Դեղագործություն
- Ծառայություններ: Հանրային հարցումներ
- Ժամկետ: April 10, 2008-July 31, 2008
- Նկարագրություն:
Հետազոտությունն իրականացվել է ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող «Մրցունակ Մասնավոր Հատված Հայաստանում» Ծրագրի (այսուհետ՝ CAPS Ծրագրի) շրջանակներում: CAPS-ը տնտեսական զարգացման աջակցության ծրագիր է, որի գլխավոր առանձնահատկությունը կայանում է նրա կլաստերային մոտեցման մեջ:
Հետազոտության իրականացման նպատակն է եղել՝ պարզաբանել Հայաստանում դեղագործական սպառողների շրջանում հայկական դեղագործական արտադրանքի մասին տեղեկացվածության, նրա նկատմամբ վերաբերմունքի հարցերը, ինչպես նաև՝ սպառողների (որպես գնորդ) վարքագծի առանձնահատկությունները:
Ելնելով վերոհիշյալ նպատակից՝ խնդիր է դրվել հետազոտության շրջանակներում ստանալ հետևյալ առանցքային հարցերի պատասխանները.
- Որքանո՞վ են սպառողները տեղեկացված հայկական դեղագործական արտադրանքի մասին
- Ի՞նչ վերաբերմունք ունեն սպառողները հայկական դեղագործական արտադրանքի նկատմամբ
- Ի՞նչ վարքագիծ են դրսևորում սպառողները՝ հայկական դեղագործական արտադրանք գնելիս, որո՞նք են դրա վրա ազդող հիմնական գործոնները:
Սույն հետազոտության օբյեկտ են համարվել սպառողների 3 խմբեր՝ բնակիչները (բնակիչ-սպառողները), բուժհիմնարկները և դեղատները: Վերջին երկուսի անունից հանդես են եկել յուրաքանչյուրից երկուական ներկայացուցիչներ. բուժհիմնարկների անունից՝ դեղամիջոցների գնումների պատասխանատուները և բժիշկները, դեղատների անունից՝ ղեկավարները և աշխատողները: Այսպիսով՝ հետազոտությունն իրականացվել է 5 թիրախային խմբերի շրջանում: Բոլոր խմբերում միասին անցկացվել են 702 հարցազրույցներ: Հետազոտական տվյալների հավաքագրման հիմնական միջոցը եղել են դեմ առ դեմ հարզազրույցները: Դրանք իրականացվել են Երևանում և ՀՀ երեք մարզերում՝ Լոռի, Կոտայք, Արարատ:
Հետազոտության արդյունքում ստացվում է հետևյալ պատկերը՝
- Բնակիչ-սպառողները չնչին տեղեկություններ ունեն հայկական դեղագործական արտադրանքի մասին
- Բնակիչ-սպառողների՝ դեղագործական արտադրանքի մասին տեղեկություններ ստանալու հնարավորությունները խիստ փոքր են
- Բնակիչ-սպառողների տեղեկացվածության ցածր մակարդակն ուղղակիորեն ազդում է դեղագործական արտադրանքի նկատմամբ նրանց վերաբերմունքի վրա
- Բնակիչ-սպառողներն ունեն հոգեբանական կախվածություն բժիշկներից: Դեղամիջոցներ սպառելու հարցում նրանց վարքագիծն ածանցվում է բժշկի խորհուրդներից
- Դեղագործական արտադրանքի մասին բուժհիմնարկների ներկայացուցիչների տեղեկացվածությունն անհամեմատ բարձր է բնակիչ-սպառողների տեղեկացվածությունից
- Դեղատների ներկայացուցիչները հանդիսանում են հայկական դեղագործական արտադրանքի մասին ամենատեղեկացված խումբը:
Իրականացված հետազոտության արդյունքում CAPS Ծրագրի իրականացնողները կկարողանան աջակցության իրենց ջանքերը դարձնել առավել նպատակային՝ դրանք ուղղելով հայկական դեղագործական արտադրության բնագավառի խնդիրների լուծմանը: Մյուս կողմից, հետազոտության արդյունքում տեղական արտադրողները կկարողանան ձեռնարկել սպառողներին «գրավելու» առավել հասցեական քայլեր: