June 21, 2016 ENPARD Ծրագրի և ԱՄ Փարթնըրզի համագործակցությունը զարգանում է

ENPARD Ծրագրի և ԱՄ Փարթնըրզի համագործակցությունը զարգանում է

Երևանի Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) Ծրագրի  և ԱՄ Փարթնըրզ խորհրդատվական ընկերության կողմից կազմակերպված շնորհանդես: ENPARD Ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության և Ավստրիական Զարգացման Գործակալության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի նպատակն է աջակցել հայ ֆերմերներին՝ արտադրելու բարձրարժեք գյուղատնտեսական մթերք: Ծրագրի շրջանակներում ֆինանսական և տեխնիկական օժանդակություն է ցուցաբերվում 14 կոոպերատիվների և ավելի քան 600 ֆերմերների՝ Հայաստանում բարձրարժեք գյուղմթերք, այդ թվում՝ չրեր, չորացրած խոտաբույսեր, բարձրարժեք պանիրներ, հնդկացորեն և բռոկոլի արտադրելու համար: ENPARD Ծրագրի շրջանակներում ԱՄ Փարթնըրզ խորհրդատվական ընկերությունն իրականացրել է նշված ապրանքների արժեշղթաների և շուկաների վերլուծություն, աջակցություն ստացող կոոպերատիվների համար մշակել է բիզնես պլաններ:

Շնորհանդեսի ժամանակ ԱՄ Փարթնըրզ խորհրդատվական ընկերության տնօրեն Վահե Մամբրեյանը հանդես եկավ կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով: Արձանագրվեց, որ ENPARD Ծրագրի և ԱՄ Փարթնըրզի արդյունավետ համագործակցության արդյունքում աջակցություն ստացող կոոպերատիվներն իրական հնարավորություն են ստացել զարգանալ որպես կենսունակ բիզնեսներ, ինչը վերջին հաշվով կապահովի ENPARD Ծրագրի վերջնական նպատակը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Եվրամիության պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու պրն. Ջոն Բարքերը, ՄԱԿ-ի Արդյունաբերական Զարգացման Կազմակերպության կենտրոնակայանից (Վիեննա) ժամանած արդյունաբերական զարգացման ծրագրերի պատասխանատու և ENPARD Ծրագրի ղեկավար պրն. Ֆրանկ Հարթվիյը, ինչպես նաև ծրագրի շահառու ֆերմերային խմբերը հանրապետության 6 մարզերից: